38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հետաքրքիր պատմություն չհանձնվող ճապոնացի ռազմիկի մասին, ում համար պատերազմն ավարտվեց միայն 30 տարի անց

Հետաքրքիր պատմություն չհանձնվող ճապոնացի ռազմիկի մասին, ում համար պատերազմն ավարտվեց միայն 30 տարի անց
14.12.2023 | 08:04

Ինչպես գիտենք Ճապոնիան ճանաչեց իր վերջնական պարտությունը Երկրորդ համաշխարհայինում 1945 թ. սեպտեմբերի 2-ին:

Բայց Ճապոնական բանակի կրտսեր լեյտենանտ Հիրո Օնոդայի համար պատերազմն ավարտվեց 1974 թվականի մարտի 9-ին:

1944 թվականի վերջին հետախույզ Օնոդան իր ենթակայության տակ գտնվող երեք զինվորների հետ գործուղվում է Ֆիլիպինների Լուբանգ կղզին՝ ամերիկյան հնարավոր ներխուժմանը դիմակայելու համար: Նրա անմիջական հրամանատարը միայն մի հրաման է տալիս.

«Մենք հիմա ստիպված նահանջում ենք, բայց դուք ձեր ջոկատով պիտի մնաք այստեղ ու պայքարեք մինչև վերջ:

Երբե՛ք, երբե՛ք չմտածեք ինքնասպանության և առավել ևս գերի հանձնվելու մասին, դուք կբարձրանաք ու կթաքնվեք սարերում, պահեստներ ու կամուրջներ կպայթեցնեք, ականներ կդնեք, պարտիզանական հարձակումներով անակնկալի կբերեք ու վնասներ կհասցնեք թշնամուն: ՈՒ մենք մի օր անպայման կգանք ձեր հետևից ... 3, 5 թե 45 տարի հետո գուցե, բայց մենք գալու ենք ձեր հետևից: Երբե՛ք չհանձնվեք»:

Ընդամենը 10 ամսից Երկրորդ աշխարհամարտն ավարտվում է ... Ամերիկյան մի օդանավ պտտվում է կղզու երկնքում և թռուցիկներ գցում, որոնցում ճապոնացի զինվորականներին ուղղված կոչ էր պարունակվում.

«Պատերազմն ավարտվել է, դադարեցրեք բոլոր ռազմական գործողությունները և դուրս եկեք ջունգլիներց»:

Բայց Օնոդան դա համարեց ծուղակ և չհավատաց:

Նա չհավատաց նաև այն թռուցիկներին, որոնք տարածում էր Ճապոնիայի կառավարությունը:

Չունենալով կապ Օնոդայի ջոկի հետ և որևէ հավաստում չստանալով, որ զինվորականները ողջ են` Ճապոնիայի իշխանությունները նրանց պարզապես մեռած համարեցին: Սակայն 1950 թ. զինվորներից մեկը հանձնվեց Ֆիլիպինների ոստիկանությանը և պատմեց, որ Օնոդան ու նրա ենթակաները ողջ են ու շարունակում են պայքարը: Թե ում դեմ, պարզ չէ, բայց հետո պարզվեց, որ այդ ջոկը մոտ 30 մարդու է սպանել, գլխավորապես հրաձգությունների ժամանակ, երբ ֆիլիպինյան հատուկ ջոկատայինները փորձում էին բռնել ճապոնացիներին: ...Այդ բախումների ընթացքում սպանվեցին Օնոդայի հրամանատարության տակ գտնվող երկու զինվորները, ու նա մնաց մենակ:

Ճապոնիայից կղզի բերվեցին Օնոդայի հարազատները, նա նրանց մոտ չթողեց ու ոչ էլ հավատաց եղբոր ու քրոջ բարձրախոսով հնչեցրած հավաստիացումներին պատերազմի ավարտի մասին, չնայած տեսնում էր, որ կղզու ափերի մոտ արդեն լողում են ոչ թե ռազմանավերը, ինչպես առաջ էր, այլ հարմարավետ տուրիստական հսկա նավերը: Բայց շարունակում էր հավատալ, որ նույնիսկ եթե պատերազմը 100 տարի տևի, ի վերջո, հաղթելու է իր հզոր հայրենիքը: Այլ կերպ ուղղակի չէր կարող լինել, այդպես էին սովորեցրել իրեն:

ՈՒտելիքը Օնոդան պատրաստում էր միայն գիշերով, որպեսզի տեղացիները չտեսնեին խարույկի ծուխը: Տարին մեկ կամ երկու անգամ Օնոդան սարերից իջնում էր գյուղ և կով սպանում: Դա միշտ անում էր ամպրոպի ժամանակ, որպեսզի կրակոցի ձայնը չլսվի: Հետո միսը բաժանում էր շերտերի, չորացնում ու ծխեցնում այն: Մեր բաստուրմայի նման մի բան էր ստացվում, որը կարելի էր պահել ու օգտագործել երկար ժամանակ:

1974 թ-ի փետրվարին Լուբանգ կղզի եկավ երիտասարդ ճանապարհորդ Նորիո Սուձուկին, որն իր առաջ խնդիր էր դրել անպայման գտնել Օնոդային և համոզել, որ վերադառնա Ճապոնիա: Գտնելը հեշտ ստացվեց, բայց Օնոդան պայման դրեց՝ մինչև իմ անմիջական հրամանատարը ինձ չհրամայի դադարեցնել կռիվը, ես չեմ հանձնվի:

Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ, եթե մայոր Տանիգուտին այլևս ողջ չլիներ... Օնոդան երևի կմնար կղզում մինչև մահը: Բայց պաշտոնաթող հրամանատարին գտան, նա աշխատում էր գրքի խանութում:

Երբ Օնոդան վերադարձավ Տոկիո, համոզվեց, որ պատերազմն ավարտվել է, իսկ իր Երկիրը կապիտուլյացիայի է ենթարկվել` արտասվեց...

Մնում էր միայն հիշել հրամանատարի վերջին հորդորը. «Երբե՛ք, երբե՛ք չմտածեք հանձնվելու մասին...»:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՖԲ էջից

Լուսանկարում Օնոդայի հանձնվելու ու ջունգլիներից դուրս գալու պահն է:

Դիտվել է՝ 7384

Մեկնաբանություններ